Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Իմ ծաղրածուն (կամ՝ վիրտուալ երկխոսություն)

Իմ ծաղրածուն (կամ՝ վիրտուալ երկխոսություն)
13.03.2015 | 02:46

Մարտի 15-ին Լեոնիդ Ենգիբարյանը կդառնար 80 տարեկան

Դու մեկն էիր մեզնից, ով ամենևին նման չէր մեզ: Դու տիրապետում էիր գեղեցիկ ապրելու արվեստի գաղտնիքներին: Քեզ ներկայացնելու քո բաժին տարածությունը կրկեսի մանեժն էր, որտեղ ապրում ու գործում էր անսահման երևակայությունդ: Դու կերտում էիր քո՛ ժամանակը, կերտում էիր մի ուրիշ աշխարհ` բոլորովին ուրիշ մարդկանցով բնակեցված: Դու մեզ էիր կերտում` մեզնից հեռացնելով գորշությունն ու միջակությունը, նախանձն ու չկամեցողությունը, գռեհկությունն ու չարափառությունը: Դու յուրաքանչյուրիս մեջ լույս էիր տեսնում, զգուշորեն վառում էիր այդ լույսը, ապա համոզվելով, որ լույսը տիրեց մեր էությանը, աննկատ հեռանում էիր` դեռ երկար ժամանակ թողնելով մեզ լույսերի մեջ: Այո՛, լույսն է ամեն ինչի սկիզբը, լույսից է ծնվում գույնը: Դու լավ գիտեիր դա, ուստի վառ գույներով էիր օժտում քո հանդիսատեսին: Դու աշխարհը կերտում էիր քո՛ գույներով: Քո ամբողջ ստեղծագործությունը սեր էր, և անչափելի էր այդ սերը. «Մարդուն իզուր տեղը, հենց այնպես պետք չէ նեղացնել, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ եթե հանկարծ նա Մոցա՞րտ է… Դուք նրան կնեղացնեք, և նա, ընդհանրապես ոչինչ չի գրի: Չի գրի մեկը, հետո` մյուսը, և աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, իսկ դա նշանակում է` կպակասեն և լավ մարդիկ… Դուք այնպիսին եք, ինչպիսին նա: Պահպանե՜ք միմյանց, մարդի՛կ»:
Զարմանալիորեն ճիշտ ու դիպուկ էիր բացատրում անբացատրելին, արագ էիր հասկանում անհասկանալին, անմիջապես տեսնում էիր անտեսանելին, առաջին հայացքից ըմբռնում էիր անըմբռնելին: Դու անհավատալիորեն լավ էիր ճանաչում մարդուն: Քո մարմնի ու հոգու ներդաշնակության, վառ երևակայության, մտքի անհավանական թռիչքի, մեծ աշխատասիրության ու անսահման ճանաչողության արդյունքում ստեղծվում էին կերպարներ, դրվագներ, հարաբերություններ, իրավիճակներ, որոնք անչափ համահունչ էին քո նուրբ ու զգայուն էությանը, և որոնք, դիպչելով մեր հոգիներին, տակնուվրա էին անում, վերաձևում էին մեր ներքնաշխարհը: Ամեն ներկայացման ավարտին դու շրջան էիր անում` հայացքդ գամելով յուրաքանչյուր հանդիսատեսի աչքերին, ու անձայն, անշշուկ հարցնում` «Սիրո՞ւմ եք ինձ, մարդիկ…»:
Այնպես պատահեց, որ երբ դեռ նոր էի փորձում ճանաչել աշխարհը, երբ դեռ չէի գտնում բազմաթիվ հարցականների պատասխաններ, երբ դեռ իրերի գոյության գաղտնիքների փնտրտուքի մեջ էի, մի անգամ ծնողներս ինձ բերեցին կրկես, ամանորի քո ներկայացմանը: Դա իմ առաջին հանդիպումն էր քեզ հետ: Այդ օրը դու խիզախ Արքայազն էիր, ով բազում փորձությունների միջով անցնելով` վերջապես չար կախարդի գերությունից ազատում է գեղեցկուհի Արքայադստերը: Ներկայացումն սկսվեց, բոլոր կերպարներն իրենց տեղերում էին, գործողությունը կատարվեց, Արքայադստերն առևանգեցին: Հետո հայտնվեցիր դու: Բոլորը սկսեցին ծափահարել, ես էլ էի ծափահարում: Դու փայլուն եզրերով մուգ կապույտ հագուստով էիր, գլխիդ փետրավոր գլխարկ էր, կողքիցդ սուր էր կախված, ձեռքիդ վահան կար: Դու ինձ թվացիր բարձրահասակ, թիկնեղ ու անվախ մի հսկա: Անսահման բարի ու սիրող հայացքդ հառեցիր խավար հեռուներին, ուր անհետացել էր քո սիրելին, ապա համարձակ ու հավատով շտապեցիր նրան փրկելու: Ներկայացման ողջ ընթացքում բոլորս լարված հետևում էինք հրեշների հետ քո մենամարտին: Ահա, կանգնած ես հպարտ, հաղթել ես ու գնում ես Արքայադստեր հետևից: Սիրտս արագ բաբախեց, հո էլի վտանգ չկա՞ քո ճանապարհին: Քիչ հետո հնչեց հաղթական քայլերգը, ոսկեզօծ կառքի մեջ հայտնվեցիք դու և քո Արքայադուստրը: Ծափահարությունների, ուրախ բացականչությունների ներքո դուք մի քանի հաղթական շրջան արեցիք՝ ամեն անգամ հայացքներդ գամելով յուրաքանչյուրիս դեմքին: Դու այնքա՜ն անհասանելի էիր թվում ինձ ու միաժամանակ այնքա՜ն մոտիկ, որ կարծես կարող էի հպվել ձեռքերիդ: Մեր հայացքների հանդիպումից ես սկսեցի անզորությունից լաց լինել, դու տեսա՜ր ինձ, բայց կանգ չառար: Այնպես հպանցիկ էր մեր հայացքների հանդիպումը, որ դու չնկատեցիր հուզմունքից շառագունած դեմքս, չհասկացար իմ շփոթմունքը: Չէ՞ որ դու ամեն ինչ նկատում ու հասկանում ես, ինչպե՞ս կարողացար հենց այնպես անցնել իմ կողքով: Իսկ ես երազում էի, շա՜տ էի երազում լինել Արքայադստեր փոխարեն: Թեկուզ չար կախարդի գերության մեջ լինեի, միայն թե ինձ ազատողը դո՛ւ լինեիր: Երազում էի ոսկեզօծ կառքով քե՛զ հետ շրջել, հայացքս գամել յուրաքանչյուր հանդիսատեսի աչքերին, ու, անձայն, անշշուկ հարցնել` «Սիրո՞ւմ եք ինձ, մարդիկ…»:
Երբ ծնողներս տեսան արցունքներս, մտածեցին, թե ինչ-որ բան ճիշտ չեմ հասկացել, ու… սկսեցին բացատրել, թե ինչ լավ է, որ Արքայադուստրը փրկվեց: Իմ խե՜ղճ, միամիտ ծնողներ, դո՞ւք էլ չհասկացաք, թե ինչպես էր փոթորկվում ներսս, ինչպես էր բաբախում փոքրիկ սիրտս, ու որքա՜ն հուսահատ էի այդ պահին։
…Ես այսուհետ քո ներկայացումների նվիրյալ հանդիսատեսն էի, անգիր գիտեի բոլո՜ր-բոլոր մանրապատումներդ ու սիրով սպասում էի նոր կերպարներիդ աշխարհ գալուն: Երբ 1964 թվականին Պրահայում ծաղրածուների միջազգային մրցույթում դու արժանացար առաջին կարգի մրցանակի` Է. Բասի անվան գավաթին, ես անչափ երջանիկ էի: Ընդհանրապես, բոլոր հաջողություններդ իմն էի համարում, ես մտովի տեսնում էի նոր մտահղացումներիդ փայլուն կատարումները, դեռ չտոնած հաղթանակներդ, տեսնում էի լուսավոր կերպարիդ հաղթարշավը, որը, ցավոք, անավարտ մնաց:
Դու կարողանում էիր թափանցել երևույթների խորքը, քո բացահայտումներն անթերի ներկայացնել ու վարակել բոլորիս քեզանով, դու չէիր հանդուրժում մակերեսային տպավորությունները. «Մանկության կայարանում տեղ զբաղեցնելով, Կյանքի գնացքում մի փորձեք անպայման տեղ գրավել պատուհանի մոտ: Տպավորությունը խիստ մակերեսային կլինի: Եվ բոլորովին կարևոր չէ, թե որն է ձեր վագոնը, չնայած ոմանք գրեթե ողբերգություն են համարում, եթե փափուկ վագոնով չեն գնում»:
Երբ հիմնադրեցիր մնջախաղի էստրադային թատրոնը, սկզբնավորեցիր նոր` «Ենգիբարյանական ուղղությունը»: Քո բոլոր ներկայացումները` «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները», «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» արդեն իմն էին, ու կյանքս համընթաց էր քո կերտած ժամանակին: Ես միայն չէի հասկանում, թե ինչպես ես կարողանում «մնջախաղ» կոչվող արվեստում այդչափ խոսուն ու հասկանալի դրվագներ ներկայացնել, դրվագներ, որոնք խոսքերով բացատրելը գրեթե անհնարին պիտի լիներ: Կրկեսում և կինոյում քո կատարած բարդ հնարքներին շունչս պահած էի հետևում` չլինի՞ թե սայթաքես, հետո թեթևացած շունչ քաշում ու քեզ ավելի հավատում: Այնպես կատարյալ էին հնարքներդ, այնքան համոզիչ էր հումորախառն թախիծդ, այնքան շատ պոեզիա կար ստեղծածիդ մեջ, որ ամեն հաջորդ հանդիպում երազանքի պես մի բան էր թվում: Իսկ ամեն անգամ, ներկայացման ավարտի քո հաղթական շրջանին մեր հայացքներն էլի հանդիպում էին, ու ես էլի ուզում էի քե՛զ հետ կատարել այդ շրջանը, հայացքս գամել յուրաքանչյուր հանդիսատեսի աչքերին, ու, անձայն, անշշուկ, միայն լուռ հայացքով հարցնել` «Սիրո՞ւմ եք ինձ, մարդիկ…»:


Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2034

Մեկնաբանություններ